Մհեր Խլղաթյանի գործով կա երեք ձերբակալված
ԻրավունքՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով ձերբակալվածների թիվը հասել է երեքի: Ձերբակալվել է նաև նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվել էին նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Արմենի Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արմեն Թորոսյանը:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը):
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Մհեր Արմենի Խլղաթյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել երեկ' հունվարի 13-ին, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով: