Բարեփոխողները գիտակցում են, որ հայը մի անձ է, որ սիրում է փողը դնել բարձի տակ. Ադիբեկյան
ՔաղաքականԱյսօր կուտակային կենսաթոշակային համակարգն ամենազարգացողն է աշխարհում, երբ աշխատող սերունդն իր աշխատավարձից որոշակի մաս է հատկացնում` հետագայում այն ետ ստանալու ակնկալիքով: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Մեր այժմյան կենսաթոշակային համակարգը հաշվի չի առնում մարդու անձնական հատկությունները, կուտակած փորձը»,-ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի կարծիքով` եթե կա խնդիր պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հետ կապված, պետք է այն քննարկել, չնայած ինքը կարծում է, որ այս հարցն առաջարկը ներկայացնողների կողմից վաղուց է քննարկվում, քանի որ դա երկարատև ֆինանսական հաշվարկներ է պահանջում:
Ըստ Ադիբեկյանի` հարցը պետք է քննարկման դրվեր և’ հանրության, և’ Ազգային ժողովի կողմից: Վերջին դեպքում, Ադիբեկյանը կիրառելի չի համարում նեոբոլշևիկյան մեթոդը:
«Բարեփոխողները գիտակցում են, որ հայը մի անձ է, որ սիրում է փողը դնել բարձի տակ` հիմնվելով իր ժառանգական հիշողության վրա: Բայց այժմ մեր բանկերում կա մոտ 1.5մլրդ դոլար ավանդ: Նշանակում է` մարդիկ վստահում են, իսկ 15 տարի առաջ այդպես չէր: Կարծում եմ` վստահությունը ժամանակի խնդիր է»,-նշեց նա:
Ա. Ադիբեկյանը խորհուրդ տվեց կենտրոնանալ համակարգի բացասական կողմերի քննարկման վրա և ոչ թե հարցը քաղաքականացնել: