ՀՀ 53 համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկություն է
ՔաղաքականՀայաստանում այսօր տարվա առաջին ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են անցկացվում:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 53 համայնքներում քվեարկություն է, ընդ որում՝ 40-ում՝ համայնքի ղեկավարի և 43-ում՝ ավագանու անդամի:
Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը՝ ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցի 64 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:
Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում՝ 2 թեկնածու, 3-ում՝ 3 թեկնածու և 1-ում՝ 4 թեկնածու: Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 14-ը մինչև 40 տարեկան են, 44-ը՝ 40-60 տարեկան, և 6-ը՝ 60 և ավելի: Ավագանու անդամի 310 թեկնածուներից 125-ը մինչև 40 տարեկան են, 160-ը՝ 40-60 տարեկան, և 25-ը՝ 60 և ավելի: