ՄՄ-ին միանալուց հետո Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պահանջված կլինի. Տատյանա Վալովայա
ՏնտեսությունՀայաստան-Իրան երկաթգծի կառուցումը մեծապես պահանջված կլինի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Նման համոզմունք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան՝ «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ: «Այսօր այդ հարցը շատ արդիական է, որը քննարկվում է վաղուց: Այն ժամանակ նշվում էր, որ դեռևս չկան երկաթուղու կառուցման տնտեսական հիմքեր, քանի որ չկար բեռների մեծածավալ շրջանառություն: Այսօր Մերձավոր Արևելքի իրադարձությունների և Հայաստանի' Մաքսային միությանը միանալու ֆոնին հյուսիս-հարավ երկաթուղին պահանջված է»,- ասաց Վալովայան:
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալուց հետո Իրանի հետ տնտեսական կապերը կտրուկ կզարգանան, ինչն էլ կբերի նրան, որ նման երկաթուղու կառուցումը տնտեսապես պահանջված կլինի: Միջոցների հայթայթման հարցին անդրադառնալով՝ Վալովայան ընդգծեց, որ դա վերաբերում է բիզնեսին, միաժամանակ կարևորելով պետական մակարդակով ֆինանսավորման հնարավորությունը:
Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ երկաթուղու շինարարությունը կսկսվի 2016թ. և կտևի 6 տարի։