«Ժողովուրդ». «Oֆշորի գործով» հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանի որդի. «Սա շառ է ու շոու»
Հայկական Մամուլ«Oֆշորի գործով» հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանի որդին` Էդգար Սուքիասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր մորը, առավել եւս իր ընտանիքին, ոչ ոք չի ահաբեկել. «Սա շառ է ու շոու»:
Հիշեցնենք, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունները կապվում են Կիպրոսում՝ օֆշորային գոտում ընկերություն գրանցելու մեջ: Նախկին վարչապետն ու գործող արքեպիսկոպոսը հերքում են, իսկ ահա Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Գործարարը գտնվում է Վրաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում:
Ինչեւէ, ինչպես նկատում ենք՝ «Օֆշորի գործով» նոր բացահայտումներ են սպասվում ու զարմանալին այն է, որ բացահայտումները սկսվեցին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումից հետո:
Եվ այսպես, Hetq.am-ը ապրիլի 15-ին գրել էր, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստանին արտահանձնելու միջնորդությունը:
45 րոպե տեւած դատական նիստում գործարարը խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կինն ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում: Այս պատմության թերեւս ամենակարեւոր փաստն այն է, որ դատախազության հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ «Օֆշորի գործով» Կիպրոսից փաստաթղթեր են ստացվել, սակայն նախաքննության գաղտինությունը պահպանելու համար առայժմ չեն հրապարակում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Կիպրոսը հիմա որոշեց արձագանքել ամիսներ շարունակ իրենց ուղարկված նամակներին եւ Հայաստանի իրավապահ համակարգն էլ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեց խոսել փաստաթղթերի մասին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: