ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը մտահոգված է զինյալների գործողություններով
ԱշխարհՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին ՄԱԿ է հանձնել ձայնասկավառակ, որտեղ ձայնագրված տեսանյութում ցուցադրվում են զինյալների նախապատրաստությունները Հոմսի քիմիական զենքերի պահեստների վրա հարձակում կատարելու վերաբերյալ:
Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ըստ Ջաաֆարիի, խոսքը այն քիմիական զենքերի մասին է, որոնք մինչև այժմ հնարավոր չի եղել դուրս հանել Սիրիայից: Դիվանագետը նաև մտահոգություն է հայտնել ապստամբների մոտ ամերիկյան հակատանկային «Tow» հրթիռների հայտնվելու մասին:
Նա նաև նշել է, որ Ամերիկայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները կենտրոնանում են միայն Հին Հոմսի իրավիճակի վրա՝ մոռանալով Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչների գործողությունները Քեսաբի դեմ: Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել ահաբեկիչներին աջակցող և ֆինանսավորող պետությունների վրա:
Սիրիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու են ոչ միայն Ռուսաստանը և Չինաստանը, այլև ՄԱԿ-ի բոլոր անդամները՝ հաստատելով, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պատասխանատու են Սիրիայում իրավիճակի վատթարացման համար: