Վենեսուելայում վերսկսվել են բախումներն անվտանգության ուժերի և ցուցարարների միջև
ԱշխարհՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում վերսկսվել են բախումներն անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնք հանդես են գալիս Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դիմակավոր ցուցարարները բարիկադներ էին կանգնեցնում քաղաքում, հրկիզում նախագահ Մադուրոյի խրտվիլակը և նետում հրկիզիչ խառնուրդով շշեր: Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և բողոքավորներին ցրել ջրանետների օգնությամբ:
Փետրվարին Վենեսուելայում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 40 մարդ:
Բողոքի ակցիաներն սկսվել էին ուսանողների ելույթներով, որոնք բողոքում էին երկրում հանցավորության բարձր մակարդակի և սննդամթերքի դեֆիցիտի դեմ: Հետագայում ուսանողական ցույցերը վերաճեցին առավել ընդգրկուն ընդդիմադիր շարժման, և այժմ բողոքավորներից շատերն ասում են, որ կանգ չեն առնի, քանի դեռ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը հրաժարական չի տվել:
Կարակասում ապրիլի 20-ին նաև ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն կառավարության: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Այս շաբաթ կլրանա Վենեսուելայի իշխանության գլուխ Նիկոլաս Մադուրոյի գտնվելու մեկ տարին, որը փոխարինել է վախճանված նախագահ Ուգո Չավեսին: Մադուրոն իր Twitter-ում գրել է. «Ես հավատարիմ կմնամ ժողովրդին տված երդմանը: Ոչ ոք չի համարձակվի մեզ զրկել երջանիկ, ազատ ու անկախ լինելու իրավունքից»:
Վենեսուելայի իշխանություններն ավելի վաղ երկրում բողոքի հակակառավարական ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել են ԱՄՆ-ին և այլ երկրների: