Հնդիկ ոսկերիչը խաբեությամբ 70 000 դոլար է շորթել հայ ընտանիքից և անհետացել. Times Of India
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանից իսկական ադամանդներ ձեռք բերել ցանկացող հայ ընտանիքը խաբեության զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է Times Of India հնդկական լրատվամիջոցը, Ջայփուր քաղաքում աշխատող Ռավի Փանչալի անունով ոմն ոսկերիչ խաբեությամբ 70 000 հազար ԱՄՆ դոլար գումար է կորզել 27-ամյա Սրբուհուց (լրիվ անունը հայտնի չէ) և նրա ընտանիքից, ապա անհետացել: «Մենք ցանկանում էինք ադամանդներ գնել, և մեզ պատմեցին նրա (Փանչալիի) մասին: Մինչև 2013 թվականի դեկտեմբերի 4-ը մենք 70 000 դոլար գումար ենք վճարել նրան, իսկ երբ բացեցինք Ռավիի ուղարկած ծանրոցները, պարզվեց, որ ադամանդները կեղծ են: Մենք փորձեցինք կապվել նրա հետ, բայց նա այլևս չէր պատասխանում»,-Times Of India-ին պատմել է Սրբուհին:
Պարզելով, որ իրենց խաբել են' Սրբուհին և նրա հայրը' 56-ամյա Մաթևոսը, գումարը վերադարձնելու կամ, պայմանավորվածության համաձայն, իրական ադամանդներն ստանալու նպատակով փորձել են ամեն կերպ կապվել հնդիկ ոսկերչի հետ: Ապարդյուն փորձերից հետո ընտանիքը ճարահատյալ ապրիլի 16-ին ժամանել է Դելի և ավտոբուսով ուղևորվել Ջայպուր: Այստեղ նրանք դիմել են Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունք և բողոքի դիմում ներկայացրել:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն' ոսկերչի խաբեության զոհն են դարձել ոչ միայն Սրբուհին և նրա հայրը, այլև ընտանիքի մյուս անդամները' այդ թվում հորեղբայրը, ով գումարը հասցրել էր ոսկերչին: «Մենք գործը հարուցել ենք հինգ մարդկանց խաբելու հիմքով»,- նշել է Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունքի տեսուչ Խալիլ Ահմեդը: