ԱԺ նախագահացուն' հյուսիսից. «Բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»
ՎերլուծականԱյսօր լրատվական դաշտում հերթական թարմ պայթյունն է տեղի ունեցել: Գալուստ Սահակյանը մտքեր է արտահայտել Հայաստանից արտագաղթի ահռելի ծավալների և հայերի' մասսայաբար ՌԴ քաղաքացի դառնալու մասին: Համապատասխան ծառայությունները պետք է պարզեն' սա քաղաքական գործչի սթափ գնահատական է, թե այս խոսքերը ակնհայտորեն ասված են հոկտեմբերյանցի բուսաբույժների պատրաստած հավաքածուների ազդեցության տակ:
Եվ այսպես, բռնվեք. Գալուստ Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրուցում է արտագաղթի մասին.
«Դրականն այն է, որ մենք արդեն 1990 -ական թթ-ից այնտեղ՝ Ռուսաստան տեղափոխված հայեր ունենք, որ իրենց կենցաղը այնտեղ ապահովել են, և եթե գտնում են, որ իրենց տեսակը պիտի Հայաստանի քաղաքացի չլինի, բնականաբար, պիտի հնարավորություն ընձեռվի նրանց, որ տնտեսությունը շարունակեն: Բայց դա ոչինչ էլ չի նշանակում, մի օր էլ երևի արյան կանչը ավելի մեծ նշանակություն կունենա, կթողնեն այնտեղի քաղաքացիությունը կգան Հայաստանի քաղաքացի կդառնան: Ինչպես օրինակ տեսեք Ամերիկան ինչ մոդելներ է ստեղծել, մարդիկ մասնակցում են համապատասխան մրցույթների, որ գնան Ամերիկա: Սա ժամանակի խնդիր է, ժամանակը դա է թելադրում, մանավանդ որ Երկիր մոլորակը գնալով բոլոր ազգերին դարձնում է Երկիր մոլորակի քաղաքացի: Անկախ նրանից՝ Հայաստանի քաղաքացի են, հրաժարվում են, ընդունում են… ի՞նչ… բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»:
Որքան էլ ուշադիր հետևեք այս բառակույտի մտքերի հանրագումարին' ուղղակի անհայտ է մնում, թե որ մոլորակի քաղաքացի է այս մտքերի հեղինակը: Եվ այս մարդը ԱԺ նախագահի հավանական թեկնածու է: Այսքանից հետո մնում է ուղղակի խնայել նյարդերը և ասել' տո դու սեղան նստո՞ղ ես, կենաց ասո՞ղ ես, այ ալամեզոն, որ մի հատ էլ երկրի երկրորդ պաշտոնին ես հավակնում...
Վարուժան Բաբաջանյան