Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երևան-Էրեբունի» հնչյունների ներքո բացվեց Լենինգրադյանը Ծովակալ Իսակովին կապող մայրուղին (լուսանկարներ)
ՀասարակությունԵրևանի պետական փողային նվագախմբի ուրախ հնչունների ներքո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտան անընդհատ երթևեկությամբ քաղաքային նորակառույց մայրուղին, որը Երևանի կենտրոնը բեռնաթափող ճանապարհային նախագծի մասն է: Մայրուղու բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ և մայրաքաղաքաբնակ քաղաքացիներ:
Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել է 2014-ի մայիսի 31-ին: Ավտոմայրուղու շինարարության վրա ծախսվել է 6.1 միլիարդ դրամ: Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից մայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների թվով 9 ուղիների ընդհանուր երկրարությունը 2.2 կմ է: Երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մետր, բաժանարար գոտու լայնությունը 4 մետր է. իսկ մայթերի լայնությունը' 2.25 և 2.5 մետր: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում` համապատասխան թեքանցքներով: Թունելի երկարությունը 46 մետր է, լայնությունը 16 մետր, բարձրությունը 5.1 մետր: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել է 3 տրանսֆորմատորային ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում 30 լուսարփակ: Կանաչապատվել են 5 հա մակերեսով տարածքներ, տնկվել են 2000 հատ դեկորատիվ ծառեր ու թփեր: Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց: