Վիեննայում մեկնարկում է Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների հինգերորդ փուլը
ԻրանԻրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) քաղաքական տնօրենները ժամանում են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ հունիսի 16-ի երեկոյան մեկնարկելու է բանակցությունների հերթական հինգերորդ փուլը, որի նպատակն իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակումն է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բանակցություններում «վեցյակի» աշխատանքը համակարգելու է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Իրանը ներկայացնելու է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նախօրյակին, ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչները երկկողմ կոնսուլտացիաներ են անցկացրել Թեհրանում: ԳՖՀ-ի բարձրաստիճան բանակցորդների խումբը գլխավորում էր երկրի ԱԳՆ-ի քաղաքական տնօրեն Հանս Դիտեր Լուկասը:
«Այդ կոնսուլտացիաներն անցկացվել են Վիեննայում բանակցությունների հերթական փուլից անմիջապես առաջ և հատուկ կարևորություն ունեին»,- հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին՝ ամփոփելով կոնսուլտացիաների արդյունքները:
ԳՖՀ-ի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաները եզրափակել են առաջիկա բանակցությունների նախապատրաստական շրջանը: Իրանի ներկայացուցիչներն անցած շաբաթվա ընթացքում նման հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ: Վիեննայում բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր, որը մոտ է կանգնած բանակցություններին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կողմերը կամ կսկսեն աշխատանքը համաձայնագրի տեքստի վրա կամ հարկադրված կլինեն որոշում ընդունել բանակցությունների ժամկետը երկարացնելու մասին: Հիշեցնենք, որ նախապես դրանք ծրագրվում էր ավարտել մինչև հուլիսի 20-ը: