Նախնական տվյալներով` Ջավախքի երկու քաղաքներում ընտրվել են իշխող կուսակցությունը ներկայացնող հայազգի թեկնածուներ
GeorgiaՎրաստանում հունիսի 15-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններով ամբողջացավ իշխանափոխության գործընթացը հարևան Վրաստանում: Այս ընտրությունների արդյունքում գրեթե բոլոր շրջաններում հաղթանակ են տարել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Ընտրություններում միակ խնդիրը ընտրողների ցածր մասնակցությունն էր: Եթե համեմատենք 2010 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ, որին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 49 տոկոսը, ապա այս տարի մասնակցել է 43 տոկոսը: Ընտրությունների ցածր մասնակցությունը պայմանավորված էր նրանով, որ նոր իշխանությունները չեն կարողացել իրականացնել դեռևս 2012 թվականին ներկայացված ծրագիրը' բարեփոխումներ, երկրի տարբեր շրջանների տնտեսական համաչափ զարգացում, ՌԴ մեկնելու մուտքի վիզայի վերականգնում' կորցնելով բնակչության վստահությունը»,- մեկնաբանեց փորձագետը:
Նրա խոսքով` չնայած նախընտրական շրջանում եղել են բախումներ և միջադեպեր (կրակել են Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչներից մեկի վրա), մի շարք երկրներ բարձր են գնահատել անցկացված ընտրությունները` նշելով, որ դրանք մեկ քայլ առաջ էին Վրաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:
Այս ընտրություններին մեծ կարևորություն է տրվում, քանի որ ուղղակի քվեարկության ճանապարհով, Թբիլիսիից բացի, ընտրվելու էին երկրի ևս 11 քաղաքների քաղաքագլուխներ և 12 շրջանային վարչակազմերի ղեկավարներ: Առկա տվյալների համաձայն` չորս քաղաքներում քաղաքապետերն ընտրվել են, իսկ ութում երկրորդ փուլի անհրաժեշտությունը կա: Մեծամասնական ընդհանուր ընտրություններում առաջին տեղում է «Վրացական երազանքը», որին հաջորդում է Միացյալ ազգային շարժումը' Բուրջանաձե-Միացյալ ընդդիմություն կոալիցիան և վերջապես Վրաստանի հայրենասերների դաշինքը: