Բելգիայում նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել
ԱշխարհԲելգիայում նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել կառավարող կոալիցիա կազմելու շուրջը բանակցությունների ձախողումից հետո, որոնք շարունակվում էին երեք ամիս: Վերստին դրա պատճառ են դարձել հակասությունները ֆրանսալեզու Վալոնիայի և նիդեռլանդալեզու Ֆլանդրիայի միջև: Հիմնական խնդրը Բելգիայի համադաշնության հարցն է, ինչը կրկնում է 2010-2011 թվականների սկզբի ճգնաժամի սցենարը, երբ երկիրը 14,5 ամիս անցկացրեց առանց կառավարության:
Ներկայիս բանակացություններում գլխավոր միջնորդը՝ Ֆլանդրիայի «Նոր ֆլամանդական դաշինք» (ՆՖԴ) առաջատար կուսակցության առաջնորդ Բարտ դը Վեվերը, երկրի կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջը բանակցությունների ձախողման մասին իրազեկել է բելգիացիների Ֆիլիպ թագավորին և խնդրել է պաշտոնաթող անել իրեն:
«Իմ առաքելությունն անհաջողություն կրեց»,- հայտարարել է նա լրագրողներին բարձրագույն ունկնդրության ավարտից հետո: Հունիսի 25-ի ուշ երեկոյան միապետն ընդունել է նրա պաշտոնաթողությունը: Այժմ թագավորը պետք է նշանակի նոր բանագնաց բելգիացի առաջատար քաղաքական գործիչների թվից:
11 միլիոն բնակչությամբ Բելգիան բաժանված է երկու լեզվական հանրակցության՝ ֆրանսալեզու (4,5 միլիոն), որն ապրում է երկրի հարավում, և նիդեռլանդալեզու (6,5 միլիոն)՝ հյուսիսում: Երկիրը փաստորեն Արևմուտքից Արևելք բաժանված է լեզվական սահմանով: Բելգիայում չկան ո′չ միասնական զանգվածային լրատվամիջոցներ, ո′չ էլ ընդհանուր քաղաքական կուսակցություններ. յուրաքանչյուր հանրակցություն ապրում է իր կյանքով, ըստ որում դրանց միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են լարվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: