Ադրբեջանի բանակի զինծառայողները վթարի են ենթարկվել. մեկ զոհ, երեք վիրավոր
ԱշխարհԱդրբեջանի բանակի պայմանագրային 4 զինծառայող հուլիսի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Տերտերի շրջանի Քոչարլի գյուղի տարածքում, որոնցից մեկը տեղում զոհվել, մյուսները ծանր վնասվածքներով տեղափոխվել են Աղջաբեդիի զինվորական հոսպիտալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, վթարի ենթարկվածներն ադրբեջանական բանակի սպաներ են: Վիրավորվել են պայմանագրային զինծառայողներ 22-ամյա Էմին Նուղայ օղլու Բեյլարովը, 20-ամյա Նուրլան Ռաֆայել օղլու Ռաֆիզադեն և 21-ամյա Քորողլու Էլման օղլու Էհլիմանլըն: Վթարի ժամանակ զոհվել է Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության Զաքաթալայի բաժանմունքից զինծառայության կանչված 24-ամյա սպա Անար Իլհամ օղլու Ասքերզադեն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 51 զինծառայող, որոնցից 41-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 97 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: