Ահա թե ինչպիսին է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի առօրյան. Newsweek
Համաշխարհային ՄամուլNewsweek ամերիկյան ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգը, որը կազմվել է մոտ 3 տարի հավաքված տեղեկությունների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի առաջնորդի առօրյայի մասին, մասնավորապես, հարցաքննվել են ռուս նախկին և ներկա պաշտոնյաներ և նախագահի մտերիմ մարդիկ, որոնց անունները չի հրապարակվում:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Պուտինն ուշ է արթնանում և իր օրն սկսում է թեթև նախաճաշով. այս նախաճաշի համար մթերքները ստանում են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի տնտեսություններից:
Ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզադահլիճում, որտեղ մարզվելու ընթացքում հնարավոր է ծանոթանալ նաև ռուսական նորություններին:
Մարզվելուց հետո պետության ղեկավարը սիրում է ընթերցանությամբ զբաղվել, նախընտրում է հիմնականում պատմական գրքեր:
Այս ամենից հետո սկսվում է աշխատանքը նախարարությունների և գերատեսչությունների հետ: Հաղորդվում է նաև, որ Պուտինը ծանոթանում է ռուսական և արտասահմանյան մամուլին: ՌԴ ղեկավարը հազվադեպ է օգտվում համացանցից:
Պարբերականը հայտնում է նաև, որ Վլադիմիր Պուտինին դուր չի գալիս Կրեմլը և նա նախընտրում է աշխատել Նովո-Օգարևոյի իր նստավայրում: Հոդվածում ներկայացվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնազորի, արտերկիր այցերի մասին: