Տեղի ունեցավ վաստակաշատ գիտնական Սեն Արևշատյանի հոգեհանգիստը
ՀասարակությունԲարեկամները, հարազատները, գործընկերները և պատմաբան, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի վաստակը գնահատողները հուլիսի 28-ին մասնակցեցին անվանի մտավորականի հոգեհանգստին: Կյանքից 86 տարեկանում հեռացած Արևշատյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ցավակցությունը հայտնեց մտավորականի մտերիմներին:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մտավորականությունը կորցրեց փայլուն գիտնականի և մեծ փիլիսոփայի:
«Սեն Արևշատյանն իր գործերում մեր ամբողջ միջնադարյան փիլիսոփայությունը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Միայն եթե նշենք նրա գործերը՝ կապված Դավիթ Անհաղթի գործունեության լուսաբանման հետ, արդեն մեծ նվաճում է ամեն գիտնականի համար: Քառորդ դարից ավելի նա եղել է Մատենադարանի տնօրեն, և իր օրոք Մատենադարանը դարձավ գիտական ուսումնասիրությունների կենտրոն, որում աշխատում էին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականներ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրականացավ նաև մտավորականի երազանքը՝ տեսնել Մատենադարանի նոր մասնաշենքը: «Լավ է, որ նա ականատես եղավ դրան: Արևշատյանն ապրեց մեծ, բովանդակալից և երջանիկ կյանքով, որի ընթացքում իրականացրեց իր գիտական մտադրությունները: Կորուստը մեծ է»,- հավելեց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Արևշատյանը մեծ գործունեություն է իրականացրել: «Նրա գոյությունը բազմանիստ, բազմաշերտ էր: Նա մեծ ավանդ թողած հսկա գիտնական էր»,- նշեց Մանսուրյանը:
Հաղորդավար, լեզվաբան Արտեմ Սարգսյանի համոզմամբ՝ կորուստը մեծ է: «Մենք մեծ գիտնականի կորցրինք, մեծ հայի, մտավորականի: Նա իր աշխատություններով կմնա հաջորդ սերունդների համար: Նման անձնավորություններ պետք է դեռ լինեն: Այնքան մեծ է կորուստը, որ մենք դեռ չենք էլ գիտակցում կորստի ահռելիությունը»,- նշեց նա: