Իսրայելը ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկի տունը
ԱշխարհԻսրայելական օդուժը հուլիսի 29-ին ռմբակոծել է ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիի տունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա որդին տեղեկացրել է, որ տանն այդ ժամանակ մարդի չի եղել, և հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, չնայած որ այն ամբողջովին ավերվել է: Հրթիռներն արձակվել են Գազա քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Աշ Շատի փախստականների ճամբարի ուղղությամբ:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ մինչև այժմ իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1115-ի, իսկ վիրավորներինը՝ 6550-ի: Իսրայելական բանակը հուլիսի 28-ին հայտարարել է իր 5 զոհերի մասին: Իրենց հերթին պաղեստինյան իշխանությունները տեղեկացրել են, որ նախօրեին իսրայելական ագրեսիայի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է հուլիսի 8-ից: Իսրայելական բանակի կորուստները հասել են մոտ 50-ի, ավելի քան 500 զինծառայողներ վիրավորվել են: Բացի դրանից, Գազայի հատվածից իսրայելական տարածքների հրթիռակոծության հետևանքով 3 քաղաքացիական անձ են զոհվել, վիրավորվել են ավելի քան 600-ը: