Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացվել հեռակա կարգով
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու համար՝ կապված ընդդիմության ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու գործի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել է նրա փաստաբան Օթար Կախիձեն:
Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին քրեական պատասխանատվության է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ և տուժածի անձնական արժանապատվության նսեմացում:
«Նրան մեղադրանք է առաջադրվել (Վրաստանի ՔՕ) 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերով: Գործի նյութերը շուտով կհանձնեն ինձ»,-ասել է Կախիձեն: