Հալեպում ստեղծված ծանր իրավիճակը բնակիչներին ստիպում է արտագաղթել
ԱշխարհՉդիմանալով քաղաքի լքված վիճակին, ջրի ու էլեկտրականության բացակայությանը, անապահով դրությանը և մանավանդ մտահոգվելով անհեռանկար ապագային մասին՝ հայերը շարունակում են արտագաղթել Հալեպից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սիրիահայ Հրաչ Կալսահակյանը: Նրա խոսքով, ամեն օր տասնյակ և ավելի մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից:
Վերջին շրջանում արտագաղթողներն իրենց տներն արդեն վաճառած են հեռանում, ինչը ցույց է տալիս, որ չեն պատրաստվում վերադառնալ:
Կալսահակյանը նաև նշել է, որ հակառակ պատերազմական վիճակին, դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են տուն գնելու: Գնողները հիմնականում տեղացի իսլամ արաբներ են: Քրիստոնյա համարվող թաղամասերում վերջին շրջանում հաճախակի են դարձել նման վաճառքները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Դեր Հաֆր, Շեյխ Լուտֆի, Ջիզմաթի թաղամասերում սիրիական բանակը հարձակվել է զինյալների թաքստոցների վրա, ինչի հետևանքով տասնյակ զինյալներ սպանվել կամ վիրավորվել են: Բացի այդ, Հալեպի հին թաղամասերում հուլիսի 29-ին բանակը ետ է մղել «Իսլամական ճակատ» խմբավորմանը: Զինյալները պայթյուններ են իրականացրել ալ Խոսրովիա և Սուլթան մզկիթների մոտ: Եվս մեկ ռումբ պայթել է ոստիկանական բաժանմունքի մոտ:
Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ: