Սահակաշվիլիի գործով որպես գլխավոր վկա է հանդես գալիս Նինո Բուրջանաձեն. փաստաբան
ԱշխարհՊաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործով գլխավոր վկան երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաբան Օթար Կախիձեն հուլիսի 30-ին հայտարարել է Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Հուլիսի 29-ին Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեղադրանք է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու և այդ հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Սահակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ նա հուլիսի 28-ին հարցաքննության չի ներկայացել:
«80 հատորից բաղկացած գործով գլխավոր և միակ վկան, որը խոսում է Միխեիլ Սահակաշվիլիի կողմից որոշումների ընդունման մասին, Նինո Բուրջանաձեն է, և Միխեիլ Սահակաշվիլիի դեմ դատախազության՝ քաղաքական դրդապատճառներով հարուցված գործը հիմնվում է Բուրջանաձեի միակ ցուցմունքի վրա»,-հայտարարել է Օթար Կախիձեն, հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: