Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ընդլայնված «սև ցուցակը»
ԱշխարհԵվրամիությունը հրապարակել է այն անձանց և ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԵՄ-ի պաշտոնական հանդեսը:
Նորացված «սև ցուցակում» տեղ են գտել ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, Ղրիմի ՆԳ նախարար Սերգեյ Աբիսովը, գործարարներ Արկադի Ռոտենբերգը, Յուրի Կովալչուկը, Կոնստանտին Մալոֆեևը և Նիկոլայ Շամալովը: Այցագրային ու ֆինանսական սահմանափակումների են ենթարկվել նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Բորիս Լիտվինովը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մամուլի կենտրոնի ղեկավար Օկսանա Չիգրինան:
Բացի այդ, պատժիչ ցանկում ներառվել են Ռուսաստանի ազգային առևտրային բանկը, «Ալմազ-Անտեյ» գործարանը և «Դոբրոլյոտ» ավիաընկերությունը: Այդպիսով, եվրոպական սահմանափակումների տակ հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել է 95-ի, իսկ այն ընկերությունների թվաքանակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են գործում՝ 23-ի:
Մինչդեռ G7-ը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին: Խմբի երկրների ղեկավարների կարծիքով՝ Մոսկվան շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությունը:
«Ռուսաստանը դեռևս հնարավորություն ունի ընտրելու ապաէսկալացման ուղին, որը կարող է բերել պատժամիջոցների չեղարկման: Բայց, եթե նա դա չանի, մենք պատրաստ ենք ավելացնել նրա թշնամական գործողությունների գինը»,- G7-ի համատեղ հայտարարությունից մեջբերում է արել ՌԻԱ Նովոստին: