ԱՄՆ-ում երկու կին մահից հրաշքով է փրկվել՝ պառկելով գնացքի տակ
ԱշխարհԱՄՆ-ում երկու կին հրաշքով է ողջ մնացել՝ բառացիորեն «սուզվելով» իրենց վրա սլացող գնացքի տակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ը: Մեքենավարի խցիկում գտնվող տեսագրանցիչի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Բլումինգտոն քաղաքից (Ինդիանայի նահանգ) ոչ հեռու: Կանայք գնալիս են եղել լճի վրայի երկաթուղային կամրջով, երբ տեսել են, որ հետևից իրենց վրա է սուրում գնացքը: Տեսնելով կանանց՝ մեքենավարը դանդաղեցրել է ընթացքը և մի քանի անգամ ազդանշան տվել, սակայն այդ արագությամբ շարժակազմը կանգնեցնելն անհնար է եղել: Կանայք փորձել են առաջ վազել, սակայն հասկացել են, որ չեն կարող խույս տալ գնացքից. կամրջի երկարությունը 152, 5 մետր է, բարձրությունը՝ 24 մետրից փոքր-ինչ ավելի: Այդ ժամանակ կանանցից մեկը պառկել է ռելսերի վրա, երկրորդը հետևել է նրա օրինակին: Վայրկյաններ անց շարժակազմը սլացել է նրանց վրայով:
Կանայք ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել և այն բանից հետո, երբ գնացքն անցել է, արագորեն հեռացել են պատահարի վայրից: Գնացքի մեքենավարը կապվել է ոստիկանության հետ և հայտնել պատահածի մասին: Կանանց ինքնությունը պարզվել է, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: