Բակո Սահակյանը հանդիպել է ԵՊՀ մի խումբ ուսանողների հետ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ:
Երկրի ղեկավարն ուսանողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ներհայկական կապերին վերաբերող խնդիրներ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանը կարևորել է Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի ուսանողների հաճախակի այցելություններն Արցախ՝ այն պահանջված համարելով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, նոր ընկերական կապեր հաստատելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, պաշտոնատար այլ անձինք: