ՀՇԿ-ի երկրների ԱԳ նախարարները Դուշանբեում հավանություն են տվել մինչև 2025 թվականը կազմակերպության զարգացման ռազմավարությանը
ԱշխարհՀամագործակցության Շանհայի կազմակերպության մասնակից երկրների ԱԳ նախարարները Դուշանբեում հավանություն են տվել մինչև 2025 թվականը կազմակերպության զարգացման ռազմավարության նախագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սերոջիդին Ասլովը՝ ամփոփելով ՀՇԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Մենք հավանություն են տվեցինք «Մինչև 2025 թվականը ՀՇԿ-ի զարգացման ռազմավարության նախագծի մասին» անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծին, որը կսահմանի հեռանկարում անդամ պետությունների փոխգործակցության կողմնորոշիչները և կբարձրացնի կազմակերպության առջև ծառացած խնդիրների կատարման արդյունավետությունը»,- ասել է նա: «Դրանց հաջող լուծումը պետք է մեծացնի կազմակերպության դերն ու նշանակությունն աշխարհում, ուժեղացնի նրա ազդեցությունը աշխարհի գործերի վրա»,- հավելել է Ասլովը:
Նա նշել է, որ նախարարները կարևորել են ՀՇԿ-ի գործընկերային հարաբերությունների զարգացումը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ուրիշների հետ:
ՀՇԿ-ի ԱԳ նախարարները հավանություն են տվել նաև կազմակերպության անդամ պետության կարգավիճակ տրամադրելու կարգին վերաբերող նախագծին: Ինչպես նշել է Տաջիկստանի ԱԳ նախարարը, դա «կոչված է նպաստելու ՀՇԿ-ի աշխարհագրական շրջանակների ընդլայնմանը, ինչն իր հերթին արգասաբեր ազդեցություն կունենա տարածաշրջանում բազմակողմ համագործակցության վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: