Սիեռա Լեոնեում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Էբոլա տենդի վիրուսի տարածման պատճառով
ԱշխարհՍիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Էբոլա տենդի վիրուսի տարածման կապակցությամբ և չեղյալ հայտարարել ուղևորությունը Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովին, որը պետք է կայանար հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Նախագահը հայտարարել է Էբոլայի տարածման հիմնական Էպիկենտրոններում կարանտին մտցնելու անհրաժեշտության մասին և կոչ է արել երկրի անվտանգության ծառայություններին՝ խստացնել վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները:
Արևմուտքի երկրները երկյուղում են, որ Էբոլա տենդի համաճարակը, որի բռնկում է տեղի ունեցել Արևմտյան Աֆրիկայում, կտարածվի մյուս մայր ցամաքներում: Միացյալ Նահանգների Խաղաղաղության կորպուս բարեգործական կազմակերպությունն արդեն դադարեցրել է իր գործունեությունը Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում: Եվրամիությունը չի բացառել իր տարածքում մահացու վիրուսի հայտնվելու հնարավորությունը, ըստ որում Բրյուսելում ընդգծել են, որ պատրաստ են անհապաղ հակազդելու վարակի բռնկմանը: Մեծ Բրիտանիայում վիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի պատճ առով գումարվել է «Կոբրա» ճգնաժամային կոմիտեի արտահերթ նիստ՝ երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի նախագահությամբ:
Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Լիբերիայի իշխանությունները դպրոցները փակելու որոշում են կայացրել, որպեսզի նվազեցնեն Էբոլա տենդի վիրուսի տարածման հավանականությունը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության՝ Արևմտյան Աֆրիկայում վիրուսի զոհերի թիվը փետրվարից ի վեր հասել է 672-ի: