Չեխիայիում ավտովթարից 15 ամերիկահայ է վիրավորվել
ԱշխարհՊրահայից 38 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռակովնիկ շրջանի Ռեվնիչով բնակավայրի մոտակայքում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց տարածք և բախվել իտալական ավտոբուսին, որի մեջ են եղել 34 ուղևորներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Օրեր»-ը, ըստ Չեխիայի Շտապ օգնության մամուլի քարտուղար Պետրա Էֆենբերգովայի, նրանցից 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կլադնոյի, Ռակովնիկի և Պրահայի «Մոտոլ» հիվանդանոցներ։ Ըստ ոստիկանության տեղեկատվության, ավտոբուսի ուղևորները ԱՄՆ-ից ժամանած հայերի խումբ էին, ովքեր վերադառնալիս են եղել Կարլովի Վարի կատարած էքսկուրսիայից և իջևանել են Պրահայի հյուրանոցներից մեկում։ Վնասվածքների աստիճանները տարբեր են՝ միջին և ծանր աստիճանի կոտրվածքներ, ուղեղի ցնցում և այլն։ Ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
«Մոտոլ» հիվանդանոցի տեղեկատվության բաժնի փոխանցմամբ, իրենց մոտ ընդունված երեք հիվանդները ենթարկվել են բուժզննման և դուրս են գրվել: Մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Գեբհարտը հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է։ Ոստիկանությունը սկսել է դժբախտ պատահարի հետաքննությունը: