Սահմանային միջադեպերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Արտաքին ՔաղաքականԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեռ Անրին (Ֆրանսիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և իրենց մտահոգությունը հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բուրկհալտերն ու համանախագահներն իրենց մտահոգություն են հայտնել Միջազգային կարմիր խաչ կազմակերպության մեքենայի վրա կրակոցների կապակցությամբ և կողմերին հիշեցրել ժնևյան կոնվենցիայի դրույթները:
Համանախագահները կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի նրանք ձեռնարկեն միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ և հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները:
«Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունն ավելի կբարդացնեն այն ձեռքբերումները, որին հասել են կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել են համանախագահները:
Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն: