ՌԴ կառավարությունը համաձայնություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրին
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության կառավարությունը հավանության արժանացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը ներկայացվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախս տանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայք:
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել նաեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին, որը կներկայացվի նախագահին' Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար: Նույն փաստաթուղթը պետք է ընդունեն նաեւ Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ եւ երեք պետությունների կառավարությունների համաձայնությամբ են ընդունվում որոշումներ:
Եվրասիական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մայիսի 29-ին Աստանայում ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի' ԵՏՄ անդամակցության հետ կապված որեւէ խոչընդոտ գոյություն չունի, Հայաստանը կատարել է իր պարտավորություններն ու, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: