ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական վերջին հավաքը նվիրված էր հայ կին ֆիդայիներին
ՀայաստանՓակման հանդիսավոր արարողությամբ ավարտվեց Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի «Գեղամա» հանգստյան տանը Երկրապահ կամավորների միության կողմից կազմակերպված ճամբարը, որտեղ այս տարվա հունիսի 2-ից մինչև օգոստոսի 19-ը իրենց հանգիստն ու ուսումնավարժական հավաքն անցկացրին 3000 պատանի երկրապահներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԿՄ ճամբարային հավաքի հրամանատար Վարդուհի Մարոնյանը, ճամբարի փակումն ուղեկցվեց պատանի երկրապահների ուսումնավարժական վերջին՝ 11-րդ հավաքով: Այն նվիրված էր ֆիդայի հայ կանանց և Արցախյան գոյամարտի կին ազատամարտիկներին: Խորհրդանշական խարույկը բովանդակություն առավ նաև շքեղ հրավառությամբ և պատանի երկրապահների շուրջպարով: Միջոցառմանը հրավիրված կանանց ԵԿՄ վարչության կողմից հանձնվեցին հուշանվերներ: Տոնական միջոցառման մասն էին կազմում Մասիսի, Նաիրիի, Զառի, Բյուրեղավանի վաշտերի ցուցադրական ելույթները: Ճամբարային հավաքի հրամանատարության կողմից պատվոգրերի, մեդալների ե ւ զինվորական խորհրդանշական կոչումների արժանացան մի խումբ պատանի երկրապահներ: Հրամանատարների հավաստմամբ, այս երեք ամիսները մեծ դերակատարում ունեցան պատանիների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու հարցում: ԵԿՄ-ն առաջիկայում պատրաստվում է պատանի երկրապահներին առաջնորդել ուխտագնացության դեպի Արցախ: