«Հրապարակ». Ցմահ ազատազրկվածները եւ նրանց հարազատները շունչները պահած սպասում են օրենսդրական փաթեթին
Հայկական ՄամուլՑմահ ազատազրկվածները եւ նրանց հարազատները, կալանավայրերում պատիժը կրող մյուս դատապարտյալները շունչները պահած սպասում են օրենսդրական փաթեթին, որը ներկայում մշակվում է արդարադատության նախարարությունում: Գրում է «Հրապարակ»-ը:
Նրանք հույս ունեն, որ այս փաթեթը կվերացնի Քոչարյանի 2003 թ. օգոստոսի 1-ի ցմահների «ներման» հրամանագրի իրավական հետեւանքները, կլուծի շատ խնդիրներ՝ վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն եւ այլն: Դրանք տարիներ շարունակ ապարդյուն բարձրացվել են միջազգային կազմակերպությունների, կառավարության, նախագահների առաջ: Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱԺ ներկայացվելիք փաթեթում, եւ որքանով են դրանք լուծում ցմահ դատապարտվածների այս հիմնական հարցերը:
Պարզաբանման համար դիմեցինք արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Նա ասաց, որ փոփոխություններ են մտցվելու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական կառուցակարգում, իսկ համապատասխան անկախ հանձնաժողովի գործունեության կարգի փոփոխման հնարավորությունը դեռ քննարկվում է: Սա նշանակում է, որ փաթեթը դեռեւս հում վիճակում է, քանի որ այդ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա իրավական հիմքերն ամենամեծ դժգոհություններն էին առաջացնում: Հիշեցնենք, սակայն, որ իր ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարն ասաց, որ փաթեթն արդեն մշակվել է: Ըստ Արման Թաթոյանի, փոխվելու են դատապարտյալի վարքագծի գնահատման ցուցանիշները, ավելի օբյեկտիվ ցուցիչներ են սահմանվելու: «Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի փոփոխությունների մասին, որոնք առկա իրավական կարգավորումների պայմաններում գործնականում կարող են ապահովել լիարժեք կիրառություն,- ասում է Արման Թաթոյանը,- ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է ցմահ ազատազրկվածների իրավունքների ընդլայնում, օրինակ՝ այցելությունների թվի ավելացում, վերջիններիս մյուս դատապարտյալներից անջատ պահելու արգելքի վերացում»:
Նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում տեղ են գտել նաեւ հանցագործության համար պատիժ նշանակելու եւ այն կրող անձանց քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտների կատարելագործմանն առնչվող հարցեր: «Օրինակ, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել «18-21 տարեկան երիտասարդ» հասկացությունը եւ նրանց քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով: Արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսդրության վերլուծության հիման վրա պարզվել է, որ որոշ դեպքերում 18-21 տարեկան հասակում հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է կիրառվեն անչափահասների քրեական պատասխանատվության եւ պատժի առանձնահատկությունները։ Իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է այս ինստիտուտի այնպիսի կանոնակարգում, որը հնարավորություն կտա պատժից ազատելու պարագայում դրսեւորել անհատական մոտեցում»:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: