Ուկրաինայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության ընդունումը ձգձգվել է
ԱշխարհՈւկրաինայի արևելքում հրադադարի շուրջ Ռուսաստանի առաջարկության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության քննարկումը՝ այնտեղ մարդասիրական օգնություն տեղ հասցնելու համար, ձգձգվել է. փաստաթղթի նախագծում մտցվել են ուղղումներ, և Անվտանգության խորհրդում դրանց պատասխաններին են սպասում Ռուսաստանի պատվիրակությունից, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունում, որն այս ամսին նախագահում է Անվտանգության խորհրդում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
«Մի շարք պատվիրակություններ արել են կառուցողական դիտողություններ, և մենք տակավին սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- հայտարարել են ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, ՌԴ-ի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունելու հայտարարություն՝ Ռուսաստանի մարդասիրական ուղեկցորդ պահակախմբի ընթանալու ժամանակամիջոցում Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության մասին: Ռուսաստանի ներկայացուցչությունը հենց նույն օրն այդ հայտարարության նախագիծը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը: