Էրդողանի` Դավութօղլուի առաջ դրած գաղտնի պայմանը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայում կարծիք է շրջանառվում, որ երկրի նախկին վարչապետ, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմությունից առավել վախենում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ըստ այդ կարծիքի' Էրդողանը, ով պատրաստվում է Թուրքիան դարձնել նախագահական կառավարման համակարգով երկիր, ընդդիմությունից չի վախենում այն պարզ պատճառով, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին 9 ընտրություններում անընդմեջ հաղթանակ է տարել:
Նշվում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրելուց հետո Էրդողանը նրան գաղտնի հանձնարարել է խիստ պայքար տանել «զուգահեռ կառույցի» (գյուլենականների) դեմ:
Թուրքիայում շրջանառվում է նաև այն կարծիքը, որ եթե Դավութօղլուն որպես վարչապետ չկարողանա իր 12 տարվա «շեֆի» նման կոշտ և անողոք պայքար տանել գյուլենականների դեմ և այդ հարցում թուլություն ցուցաբերի, ապա Էրդողանը վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի ուրիշով:
Դա է պատճառը, որ Թուրքիայի նորանշանակ վարչապետ Դավութօղլուն երեկ հանդես է եկել վերջին շրջանում ԱԶԿ-ի կառավարության հետ լուրջ թշնամության մեջ գտնվող Ֆաթուլլահ Գյուլենի դեմ իր առաջին խիստ հայտարարությամբ: «Ովքեր «զուգահեռ կառույցի» կամ այլ անվան տակ փորձեն խանգարել մեր շարժմանը, ԱԶԿ-ն նրանց դեմ կկանգնի որպես լեռ»,- հայտարարել է Դավութօղլուն: