Հայաստանը ռուսական շուկա մուտք գործելու խնդիր չունի. Սերգո Կարապետյան
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ այս տարի Հայաստանը կկրկնապատկի Ռուսաստան արտահանվող հայկական գյուղմթերքի ծավալները: Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում դրան, սակայն իրենք ամեն ինչ անում են և կանեն, որպեսզի արտահանման ծավաները կրկնապատկվեն: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր գյուղարտադրանքի ծավալների արտահանումը դեպի Ռուսաստան ավելացնելու համար և մենք դա կանենք: Մարդիկ թերահավատորեն են վերաբերում այս ամենին, սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք կրկնապատկել մեր արտադրանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը ռուսական շուկա մուտք գործելու խնդիր չունի, քանի որ արդեն երկար ժամանակ Հայաստանը լուրջ դեր ունի ռուսական շուկայում: «Ես չեմ ցանկանում ասել, թե այս պահին մենք հնարավորություն ունենք գրավել ռուսական շուկան՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն Արևմուտքից արգելել է որոշ մթերքների ներկրումը: Այդպես չի կարող լինել, սակայն մենք կարող ենք կրկնապատկել մեր արտահանման ծավալները»,- ասաց Կարապետյանը՝ կարծիք հայտնելով, որ արտահանման ծավալների կրկնապատկումը Հայաստանում գյուղմթերքի գների աճի չի հանգեցնի:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ՌԴ-ից պաշտոնական նամակ են ստացել, որով հայկական կողմին խնդրել են ներկայացնել արտահանման հնարավորությունները և ծավալները: «Մենք մոտակա օրերին կամփոփենք և ռուսական կողմին կներկայացնենք մեր հնարավորությունները և արտահանման նախատեսվող ծավալները»,- եզրափակեց նախարարը: