Կոտայքի մարզպետը ծանոթացել է Քանաքեռավանի համայնքային խնդիրներին
ՔաղաքականՀամայնքային առօրյա խնդիրներին և ենթակառուցվածքների գործունեությանը ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է մարզի Քանաքեռավան համայնք:
Քանաքեռավանում Արամ Հարությունյանը նախ այցելել է համայնքի ձևավորման 50-ամյա հոբելյանի առիթով կառուցված հուշակոթող, այնու հետև հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, որից հետո համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Կարևորելով ուսումնական տարվա մեկնարկը լավագույնս կազմակերպելու հանգամանքը՝ Կոտայքի մարզպետը համապատասխան հանձնարարականներ է տվել ինչպես մանկավարժներին, այնպես էլ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարներին: Շինարարության պատասխանատուներին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել ընթացող հիմնանորոգման աշխատանքները' ուսումնական գործընթացը բնականոն կերպով կազմակերպելու նկատառումով:
Այնուհետև Արամ Հարությունյանը շրջայց է կատարել «Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում: Ծանոթանալով կենտրոնի շենքային պայմաններին և գործունեության ուղղություններին՝ Կոտայքի մարզպետը հետաքրքրվել է տեղի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակով, ինչպես նաև վերջիններիս տրամադրվող դեղորայքի ծավալներով, որից հետո բուժանձնակազմի հետ անցկացված խորհրդակցության շրջանակներում Արամ Հարությունյանը կարևորել է բնակիչ-բուժաշխատող հարաբերությունները և այդ ուղղությամ բ տվել համապատասխան հանձնարարականներ:
Այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է գյուղի մսուր-մանկապարտեզի շենքային պայմաներին, ինչպես նաև մանուկների նախադպրոցական կրթության կազմակերպման ընթացակարգերին: Արամ Հարությունյանը շրջայց է կատարել նաև տեղի արվեստի դպրոցում՝ կարևորելով մշակութային կրթօջախների գործունեությունն ու արդյունավետությունը, համայնքի մշակութային առօրյան աշխուժացնելուն միտված նախաձեռնությունները:
Քանաքեռավանում մարզպետին ներկայացվել են նաև համայնքային տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող աշխատանքների ուղղություններն ու վերջիններիս արդյունավետության բարձրացմանը միտված նախաձեռնությունների ընթացքը:
Այցելության օրակարգի վերջում ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Քանաքեռավանի գյուղապետարանում հանդիպել է hամայնքի ավագանու անդամների, բնակիչների և համայնքային ծառայողների հետ: Կոտայքի մարզպետը լսել է վերջիններիս առաջարկություններն ու բարձրաձայնվող խնդիրները, որից հետո անդրադարձել է Քանաքեռավան համայնքի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը մարզպետարանի և համայնքի համատեղ ջանքերով իրականացնելու գործընթացներին: