Կալիֆորնիայի Սենատի որոշումը խոսում է այն մասին, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Շարմազանով
ՔաղաքականԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը խոսում է այն մասին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա խոսում է այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը շարունակվում է: Սա խոսում է նաև այն մասին, որ ուշ թե շուտ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ժողովրդավարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հերթական օրինակը պետք է վարակիչ լինի ոչ միայն ԱՄՆ այլ նահանգների, այլև միջազգային հանրության տարբեր սուբյեկտների համար: «Եվ սա կլինի հերթական հանգրվանը, որպեսզի մենք շարունակենք միջազգային ճանաչման գործընթացը: Սա շատ կարևոր քայլ է, մանավանդ այս փուլում, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքնորոշման հաղթարշավը շարունակվում է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը նշում է, որ սա արդյունք է ինչպես Հայաստանի Հանրապետության հավասարակշռված արտաքին քաղաքականության, այնպես էլ ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ լոբբիի գործունեության: «Պատահական չէ, որ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նահանգը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սա նշանակում է, որ գործընթացն սկսվել է և ուշ, թե շուտ մենք հասնելու ենք դրան: Հնարավոր չէ գնալ գետի հունին հակառակ, իսկ գետի հունը տանում է դեպի անկախ Արցախ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը ժամեր առաջ 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրեց սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալու ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշել է սենատորը: Բանաձևի օգտին ելույթ են ունեցել նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան: