Պորոշենկոն չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա և Անվտանգության խորհրդի շտապ նիստ է գումարում
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզում իրադրության սրվելու կապակցությամբ չեղյալ է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիա և հանրապետության Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի շտապ նիստ է գումարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Դոնեցկի մարզում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ես որոշում եմ ընդունել չեղյալ է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն, քանի որ ռուսական զորք է մտցվել Ուկրաինա»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ՝ մշակելու հետագա գործողությունների պլանը: «Նախագահի տեղն այսօր Կիևում է»,- ընդգծել է Պորոշենկոն:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շտապ գումարում է նախաձեռնում: Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինան կդիմի եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով հրավիրել Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ:
«Աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում իրադրության կտրուկ սրվելուն»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Կիևը պաշտոնապես ընդունել է, որ կորցրել է վերահսկողությունը Նովոազովսկի նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: