Ադրբեջանական «հանճարեղ» բանաձև. քաղբանտարկյալների դիմաց` Ղարաբաղ
ԱդրբեջանԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, ԽՎ «Եվրոնեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգային հանրության առաջ հանդես է եկել «Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմաց' Ղարաբաղ» հանճարեղ բանաձևով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Սուլեյմանովի խոսքով' վերջին շրջանում հակաադրբեջանական ուժերն սկսել են բարձր ակտիվություն ցուցաբերել միջազգային կազմակերպություններում, այդ թվում' ԵԽԽՎ-ում, քաղբանտարկյալների հետ կապված հարցերով հերթական անգամ լայնամասշտաբ արշավ սկսելով Ադրբեջանի դեմ:
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային հրապարակում քաղբանտարկյալների առնչությամբ հակաադրբեջանական արշավը սիստեմատիկ բնույթ է կրում, որն օգտագործվում է Եվրոպական առաջին խաղերի և 2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին Ադրբեջանի նկատմամբ նեգատիվ վարկանիշ ձևավորելու համար»,- ասել է նա:
«Եվրոնեսթ»-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքով' անհրաժեշտ է արհամարհել քաղբանտարկյլաների հարցով Ադրբեջանի վրա միջազգային կազմակերպությունների քաղաքական ճնշումը' «ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, Սարսանգի ջրամբարից բխող հումանիտար և էկոլոգիական սպառնալիքի վերացումը, Նախիջևանի շրջափակման դադարեցումը»:
Ադրբեջանցի «հեղինակավոր» քաղաքական գործչի մտքի այլ փայլատակման վերաբերյալ մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Ադրբեջանում գործող 12 ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ' Ադրբեջանի իրավապաշտպաններիս ասոցիացիան, «Դեմոկրատիայի մոնիտորինգը», Դեմոկրատիայի և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնը, Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեն, «Իրավական լուսավորության հանրությունը» և այլն համատեղ զեկույց են ներկայացրել, որում անդրադարձ է կատարվել մինչև 2014 թվականի օգոստոսի 3-ը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով ձերբակալություններին: Զեկույցում քաղբանտարկյալների կարգավիճա կը որոշվել է ԵԽ ԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձևում ներկայացված չափանիշներով: Ցուցակում նշված են 97 լրագրողների և բլոգերների, իրավապաշտպանների, երիտասարդ ակտիվիստների, ընդդիմադիր ակտիվիստների, հավատացյալ ակտիվիստների հետ 11 փաստաբանների անուններ, որոնք Ադրբեջանում ձերբակալվել կամ արդեն դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով:
Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը և նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: