ԵԱՀԿ-ն դիտորդներ կուղարկի Մարիուպոլ և Նովոազովսկ
ԱշխարհԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը դիտորդներ կուղարկի Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ և Նովոազովսկ քաղաքներ՝ հետևելու հանրապետության հարավ-արևելքի իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
«Մենք կապվել ենք Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականի հետ: Նա զեկուցել է, որ այժմ առաքելությունը ներկա չէ Մարիուպոլում և Նովոազովսկում, թեև ԵԱՀԿ-ն այդ շրջաններում խմբեր տեղաբաշխելու գործընթացում է: Դա շատ կարևոր է, քանի որ մենք փորձում ենք պարզել, թե ինչ է կատարվում տեղում»,- ասել է Ֆելթմանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ՄԱԿ-ը չի կարող հաստատել Ուկրաինայի տարածք ռուսական զորք մտցնելու վերաբերյալ Կիևի պնդումները, չի կարող անտեսել «այդ տագնապալի հաղորդումները»: «Եթե դրանք հաստատվեն, ապա այդ գործողությունները կլինեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ուղղակի խախտում»,- հավելել է Ֆելթմանը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: