Համաշխարհային հանրակցությունը չպետք է թույլ տա ուժային մեթոդներով պետական սահմանների փոփոխում. Ղարիբաշվիլի
ԱՐԽԻՎՀամաշխարհային հանրակցությունը չպետք է թույլ տա ուժային մեթոդներով պետական սահմանների փոփոխում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որն օգոստոսի 29-ին տարածվել է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ:
Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռուսական զորք է մտցվել Ուկրաինա:
«Մենք խիստ անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ուղղակի ռազմական ագրեսիայի վերաբերյալ տեղեկատվությունից: Անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կարգուկանոն հաստատելու և Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների լիակատար պաշտպանությունն ապահովելու նրա իրավունքը… Համաշխարհային հանրակցությունը չպետք է լայնամասշտաբ առճակատում թույլ տա Եվրոպայում, ինչպես նաև սահմանների փոփոխում ուժային մեթոդներով»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ղարաբաշվիլին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Մենք գտնում ենք, որ հենց այս սկզբունքի հաշվառմամբ պետք է հաղթահարվի Ուկրաինայում ստեղծված բարդ իրադրությունը»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդել է «Նովոստի «Գրուզիան»: