Տխրահռչակ Malaysia Airlines ավիաընկերությունը 6 հազար աշխատակցի է կրճատում
ԱՐԽԻՎMalaysia Airlines (МАS) ավիափոխադրողը, որն այս տարի երկու հանրանավ է կորցրել, 6 հազար աշխատակիցների կկրճատի ընկերության վերակազմման ծրագրի շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Ինչպես սպասվում է, անձնակազմի զանգվածային ազատումներից բացի, օգոստոսի 29-ին պաշտոնապես կհայտարարվի ընկերության ղեկավարության փոխարինման մասին: Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է ավիափոխադրողի ազգայնացումն սկսելու մասին:
Նախօրյակին հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերաբերյալ MAS-ի ֆինանսական հաշվետվությունը: Փաստաթղթի համաձայն՝ ապրիլից հունիսի ընկած ժամանակահատվածում ընկերության զուտ վնասը կազմել է 307 մլն ռինգիտ (92 մլն դոլար): Malaysia Airlines-ի ընդհանուր վնասները վերջին երեք տարվա ընթացքում կազմել են շուրջ 1,3 մլրդ դոլար:
Malaysia Airlines ընկերության կորած ինքնաթիռներից առաջինը դարձել է MH370 չվերթը, որը մարտի սկզբին Քուալա Լումպուրից Պեկին էր մեկնել 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով: Ինքնաթիռի բեկորները մինչ այժմ չեն գտնվել: Ենթադրվում է, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում:
Մյուս խոշոր ողբերգությունը դարձել է Boeing 777 ինքնաթիռի կորուստը, որը Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր, և հունիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում գտնվում էր 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամները: Նրանք բոլորն էլ զոհվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: