Վրաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ֆրանսիայում
ԱշխարհՎրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան աշխատանքային այցով ուղևորվել է Ֆրանսիա: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, օգոստոսի 30-ին Իրակլի Ալասանիան հանդիպում կունենա ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ: Նախարարները կքննարկեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մանրամասները: Կարծարծվեն նաև Աֆղանստանում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իրականացվող խաղաղ արար առաքելությունները և ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովի թեման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է նաև Իրակլի Ալասանիայի հանդիպումը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության՝ ռազմավարական հարցերով տնօրեն Ֆիլիպ էրերայի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարի հետ միասին Ֆրանսիա են ուղևորվել հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն և պաշտպանության փոխնախարար Վառլամ Ավալիանին:
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա կավարտվի օգոստոսի 30-ին: