Ուկրաինայում 2,5 հազարից ավելի մարդ է զոհվել հակամարտությունն սկսվելուց ի վեր. ՄԱԿ
ԱշխարհԱպրիլի կեսերից, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեց ուժային գործողությունը, մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայում հակամարտության զոհ է դարձել 2593 մարդ, մոտավորապես 6 հազար հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելության՝ օգոստոսի 29-ին հրապարակված զեկույցում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ երկուստեք ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի մարտերը և Արևելյան Ուկրաինայի խիտ բնակեցված շրջանների գնդակոծումները հանգեցրել են այն բանին, որ հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակաշրջանում օրական զոհվում էր 36 մարդ:
Կիևի իշխանություններն ապրիլի կեսից ուժային գործողություն են անցկացնում Ուկրաինայի արևելքում, որն ուղղված է փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ Դոնբասի բնակիչների դեմ: Մոսկվայում հատուկ գործողությունը որակել են պատժիչ և համաշխարհային հանրակցությանը կոչ են անում հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել կրակի դադարեցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: