«Գազի խնդրի շուրջը ՌԴ-ի և ԵՄ-ի բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել». Եվրահանձնաժողով
ՏարածաշրջանՌուսաստանը և Եվրամիությունն առաջընթացի են հասել գազի խնդրի շուրջը տեղի ունեցած բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը՝ ամփոփելով Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակի հետ օգոստոսի 29-ին կայացած հանդիպման արդյունքները:
Ինչպես հայտարարել է Նովակը, «Գազպրոմը» պատրաստ է Ուկրաինայի համար գազի գինը ժամանակավորապես սահմանել 385 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ մինչև Ստոկհոլմի իրավարանի վճիռը: Դա 100 դոլարով պակաս է, քան Մոսկվան ավելի վաղ պահանջում էր:
Նա պարզաբանել է, որ այս առաջարկությունը տեղավորվում է գազի մատակարարման գործող պարտավորագրի շրջանակներում և կարող է ընդունվել լրացուցիչ համաձայնագրերով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոսկվան նաև պնդում է, որ մարվի «Նաֆտոգազի» պարտքը, որը, Նովակի խոսքով՝ այժմ կազմում է 5,3 միլիարդ դոլար:
Գյունտեր Էթինգերն ընդգծել է, որ Ուկրաինան պարտավոր է մարել այդ պարտքը, և դրա վճարման գրաֆիկը կկազմվի մոտ ժամանակներս:
Նաև եվրակոմիսարը նշել է, որ գազի խնդիրը չպետք է օգտագործվի Ուկրաինայի իրադրության Էսկալացման համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: