Մեկ շաբաթ շարունակվող հարձակման ընթացքում Դոնբասի աշխարհազորայիններն ամրապնդել են դիրքերը
ԱշխարհՀակահարձակման առաջին շաբաթվա ընթացքում ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդկան Հանրապետության (ԴԺՀ) աշխարհազորայիններին հաջողվել է Դոնեցկից դեպի հարավ նկատելիորեն ամրապնդել իրենց դիրքերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ուկրաինայի բանակի և Ազգային գվարդիայի խոշոր ուժեր ընկել են շրջապատման մեջ, որից նրանք, ըստ երևույթին, դուրս կգան մարտերով: Սակայն Դոնեցկը նախկինի պես մնում է ուժայինների կիսօղակում, նրանց հրետանին կանգնած է քաղաքի սահմանագծի մոտ, ինչը նրանց թույլ է տալիս անարգել գնդակոծել չճանաչված հանրապետության մայրաքաղաքը:
Չնայած Դոնեցկից դեպի հարավ և արևելք աշխարհազորի ունեցած հաջողություններին, ուժայինները պահպանում են իրենց դիրքերը քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք ընկած շրջանում: Դեռ ավելին, կարծես որպես վրեժ աշխարհազորայինների հակահարձակման համար, վերջին երկու-երեք օրերին Դոնեցկի գնդակոծումները նկատելիորեն ավելի ինտենսիվ են դարձել: Հրաձգության ձայները քաղաքի կենտրոնում լսվում են անդադար:
Դոնեցկի մի շարք շրջաններում լույս, ջուր և գազ չկան, ծայրամասերում փակ են մթերային խանութները: Երեկոյան ութից հետո, երբ քաղաքում մթնում է, կյանքը կանգ է առնում. քաղաքացիները վախենում են դիվերսանտներից և գնդակոծումներից: