ԿԳՆ-ն ողջունում է Երևանի և մարզերի դպրոցների համագործակցությունը
ՔաղաքականՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Երևանի և մարզերի դպրոցների միջև համագործակցությունը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը նշեց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա հորդորեց Երևանի դպրոցների տնօրեններին կապեր հաստատել մարզերի դպրոցների հետ և համագործակցության կամուրջներ ստեղծել:
«Մենք ունենք 10 մարզ, և այդ մարզերն առաջին հերթին նայում են Երևանին: Պայմանավորվե՞լ էին, չէ՞, որ եթե ամեն մի դպրոց գոնե մի մարզում բարեկամական հարաբերություն ստեղծի, ահռելի մեծ օգուտ կլինի մարզերի դպրոցների համար: Դուք չեք հասկանում, թե գյուղի դպրոցի համար ինչ է նշանակում քաղաքի դպրոցը: Իրենց համար դա անգնահատելի կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մկրտչյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի` օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվում են ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: