Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ
ԱշխարհԱվստրալիան որոշում է ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Դրանք կհամապատասխանեն Եվրամիության այն պատժամիջոցների ռեժիմին, որոնք գործում են Ռուսաստանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտը:
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը «խորապես անհանգստացած է Ուկրաինայում իրադարձությունների ծավալումից»: Նոր պատժամիջոցները սահմանվել են «մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի հետ կոորդինացմամբ»,- հավելել է վարչապետը:
Ինչպես ճշտել է Աբոտը, նոր պատժամիջոցները նախատեսում են «զենքի արտահանման սահմանափակումներ, Ավստրալիայի կապիտալի շուկաներ պետական սեփականություն հանդիսացող ռուսական բանկերի մուտքի սահմանափակումներ, ՌԴ-ում նավթի հետախուզման և արդյունահանման բնագավառում օգտագործելու համար ապրանքների ու ծառայությունների արտահանման դադարեցում, Ղրիմում առևտրի ու ներդրումների սահմանափակումներ»:
Պատժիչ ցուցակում ավելացված է 63 ռուսական ու ուկրաինական ֆիզիկական անձ և 21 իրավաբանական անձ: Դրա հաշվառմամբ, այս ցանկում ընդամենը կլինի 113 ֆիզիկական անձ և 32 իրավաբանական անձ:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե նա գործողություններ չձեռնարկի Ուկրաինայի իրադրությունը բարելավելու համար, նրա տնտեսության համար հետեւանքների գինը կաճի»,- նախազգուշացրել է Աբոտը:
Նա հայտնել է, որ «Ավստրալիայի կառավարությունը չի բացառում ապագայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: