Վրաստանն ԱՄՆ-ի և Եվրոպայի բարեկամն է ու դաշնակիցը. Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հավատարիմ բարեկամն ու դաշնակիցն է, չնայած այն բանին, թե ով է գտնվում իշխանության ղեկին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ողջույնի խոսքով հանդես գալով աշխարհի ղեկավարների՝ Թբիլիսիում կայացած համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին Վրաստանի համար վճռորոշ նշանակություն ունի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացումը: ԱՄՆ-ին ու Եվրոպային մերձենալու մեր աներեր որոշումը համընկնում է ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ: Դա համերաշխ եվրոպական ընտանիք վերադառնալու մեր ճանապարհն է»,-նշել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը գնահատում է ռազմավարական առումով կարևոր համագործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: