Աֆրիկյան միությունն արտահերթ կարգով կքննարկի Էբոլայի դեմ պայքարի ռազմավարությունը
ԱշխարհԱֆրիկյան միությունը հայտարարել է, որ կազմակերպության գործկոմի արտահերթ հանդիպում է անցկացվելու Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար: Ադիս Աբեբայում (Եթովպիա) Միության կենտրոնակայանում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովը կկայանա սեպտեմբերի 8-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Հանդիպման օրակարգում տեղ է գտել այդ հիվանդության տարածման զսպմանն ուղղված այնպիսի միջոցառումների հիմնավորվածության քննարկումը, ինչպիսիք են՝ ավիահաղորդակցության դադարեցումը, ինչպես նաև այն երկրների հետ ծովային ու ցամաքային սահմանների փակումը, որտեղ մոլեգնում է համաճարակը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ վիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է հատկացնել 600 մլն դոլար: Դեռ անցած շաբաթ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն, այդ գումարը չէր գերազանցում 490 մլն դոլարը:
Իր հերթին ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը 42,3 մլն դոլար կծախսի վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի ստեղծման համար: Մինչդեռ Կանադան արդեն պատրաստ է ԱՀԿ-ին տրամադրել պատվաստանյութի առաջին նմուշները, բայց դժվարություններ ունի լոգիստիկայի հարցում: Կանադայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շոն Անտոնի խոսքով՝ դեղը պետք է սառեցված վիճակում պահպանվի, որպեսզի չկորցնի իր հատկությունները:
Էբոլա տենդի բռնկումն սկսվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, ավելի ուշ վիրուսը տարածվել է հարևան Աիեռա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ վտանգավոր հիվանդությունը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Սենեգալ:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ վիրուսն արդեն ավելի քան 1900 մարդու կյանք է խլել, իսկ ընդամենը գրանցված է հիվանդանալու ավելի քան 3,5 հազար դեպք: Միայն անցած շաբաթվա ընթացքում գրեթե 400 մարդ է զոհվել: