«Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀԿ-ն կնշանակի ամենաարժանի թեկնածուին». Շարմազանով
ՔաղաքականՎահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո հանրությունն ակտիվորեն շրջանառում է Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների անուններ: Առավել հաճախ շրջանառվողը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունն է: Որքանո՞վ է հավանական Խաչատրյանի վերադարձը իր նախկին պաշտոնին. այս թեմայով Orer.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, ակտիվորեն խոսակցություններ են տարածվում, որ առաջիկայում թափուր մնացած Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Որպես իշխող կուսակցության մամուլի խոսնակ՝ ինչպե՞ս կմեկնաբանեիք տարածված խոսակցությունները:
- Ես ընդհանրապես տարածվող խոսակցությունները չեմ մեկնաբանում, քանի դեռ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նման բան չի քննարկել: Առհասարակ, այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում Սյունիքի ապագա մարզպետի հարցը չի քննարկվել: Դուք տեղյակ եք, որ նախկին մարզպետը՝ Վահե Հակոբյանը, արդեն նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, և մենք հաջողություն ենք մաղթում պարոն Հակոբյանին՝ իր պատասխանատու պաշտոնում: Վստահ եմ, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀԿ-ն կնշանակի ամենաարժանի թեկնածուին:
- Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը՝ որպես Սյունիքի նախկին մարզպետ և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար:
- Ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին, ապա նա մեր կուսակցական ընկերն է, փորձառու գործիչ, երկար տարիներ ղեկավարում է մեր կուսակցության Սյունիքի կառույցը, եղել է պատգամավոր, երկար տարիներ՝ Սյունիքի մարզպետ, այդ իմաստով պարոն Խաչատրյանի հրաժարականը կապված չի եղել նրա մարզպետական գործունեության հետ: Նրա մարզպետական գործունեությունից կուսակցությունը բավարարված էր, և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առ այսօր կուսակցությունը մարզային խորհրդի նախագահի պաշտոնը վստահել է Սուրիկ Խաչատրյանին: