Սիրիական բանակը Ջոբար թաղամասում զգալի հաջողությունների է հասել
Մերձավոր ԱրևելքՍիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակն արդեն իսկ վերահսկողություն է հաստատել բազմաթիվ շինությունների վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Հատկապես Ուադի Այն Թուրմա շրջանում ոչնչացվել են նրանց պատկանող թաքստոցները: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հուեսյնիա գյուղում, ինչպես նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող Խան աշ Շեյխ գյուղում:
«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են Ջոբար թաղամասը: Բացի այդ, օդուժն ավելի քան 10-ը հարված է հասցրել Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջաններին:
Աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի օդանավակայանի մերձակայքում պայթյուն է որոտացել: Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ խմբավորումը հարձակվել է կառավարական ուժերի վրա «գրադ» տեսակի հրթիռներով: Պայթյունից հետո կառավարական ուժերը պատասխան հարված են հասցրել օդանավակայանի մերձակայքում կենտրոնացած ԻԼԻՊ ուժերին: